Սուրբ Սարգիս, թե՞ Սուրբ Վալենտին

 
 

Որպես գլոբալացվող աշխարհի մի մաս` մենք` հայ երիտասարդներս, տարվա ընթացքում սիրահարների երկու տոնի հնարավորություն ունենք` Սբ Վալենտին եւ Սբ Սարգիս: Եթե առաջինը մեզանում ժողովրդականություն է սկսել վայելել բոլորովին վերջերս եւ առավելապես սիրված է չափազանց գունեղ եւ լուսավոր խորհրդանշանների շնորհիվ, ապա Սբ Սարգսի տոնն իր բարի ու լուսավոր խորհրդից զատ` տոնի հետ կապված մեր նախնյաց դրական բոլոր հույզերն ու ապրումները նույնիսկ դարերի հեռավորությամբ կիսելու հնարավորություն է նաեւ, ինչն առավել ջերմ ու հարազատ է դարձնում այն մեզ համար:

“Սուրբ Սարգսի տոնը երիտասարդների երկրորդ սիրո տոնն է: Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ եւ քաղցրավենիք են նվիրում”: Սբ Սարգսի տոնին չամուսնացած երիտասարդները աղի բլիթ են ուտում, որպեսզի երազում տեսնեն իրենց երկրորդ կեսին”,- այսպիսին է այսօրվա երիտասարդների կարծիքը Սուրբ Սարգսի տոնի վերաբերյալ:
Սբ Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլեւ ժողովրդական ավանդույթներով:
 

Սբ Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: “Մեծ ժողովրդականություն ունեցող Սբ Սարգսի տոնը 20-րդ դարի կեսերին կենցաղում, ընդհանուր առմամբ, անկում էր ապրում` չնայած դրա առանձին տարրերի մասնակի պահպանմանը: Խոսքն ամենից առաջ վերաբերում է կենցաղում դրա ամենատարածված բաղադրիչին` երիտասարդության բախտագուշակման ծեսին, որն այդ օրվան այլընտրանքային անվանում է տվել, հաճախ ասում ենք` “աղի բլիթի տոն””,- նշում է ազգագրագետ Սամվել Մկրտչյանը:

 
Ըստ հայոց եկեղեցական տոնացույցի` Սուրբ Սարգսին նվիրված տոնը նշում են Քրիստոսի Հարությունից կամ Մեծ Զատիկից 63 օր առաջ` շաբաթ օրը: Այն ունի 35 օրվա շարժականություն եւ կատարվում է հունվարի 18 փետրվարի 23 ժամկետային ընթացքում:

Ըստ ավանդության` Սբ Սարգիսը քաջ եւ ազնիվ զորավար է, ով միշտ օգնում է թույլերին ու անմեղներին` միաժամանակ պատժելով չար մարդկանց: Սբ Սարգսի մասին բազմաթիվ ավանդապատումներ կան: Աղքատ աշուղը սիրահարվում է մի մեծահարուստի աղջկա: Վերջինս եւս սիրում էր նրան, սակայն աղջկա հայրն արգելում է նրանց ամուսնանալ: Աշուղը որոշում է մեծ կարողություն կուտակելու նպատակով գնալ օտարություն: Սակայն մինչեւ այդ սիրահարված երիտասարդը իր սիրած էակից խոստում է առնում յոթ տարի սպասել իրեն: Պայման է դնում, որ եթե ուշանա անգամ մեկ օր, աղջիկը կարող է ամուսնանալ հոր ընտրած փեսացուի հետ: Յոթ տարի շարունակ աշխատելով` աշուղը կարողություն է ստեղծում եւ տունդարձի ճամփա ընկնում: Ճանապարհը լի էր փորձանքներով եւ խոչընդոտներով: Թվում էր, թե աշուղը չի հասնի իր սիրած էակին: Այդ ամենից դրդված` նա ազնիվ սրտով եւ արդար մտքով աղոթում է Սբ Սարգսին` հայցելով արագահաս Սրբի օգնությանը: Սբ Սարգիսը, լսելով սիրահարված աշուղի աղոթքը, իր արագահաս ճերմակ նժույգով բարձրացրած մրրիկի մեջ, իսկույն հայտնվում է, աշուղին նստեցնում ձիու գավակին եւ մի ակնթարթում հասցնում տեղ: Աղջկա հայրը, տեսնելով աշուղի անկոտրում կամքը, կատարված հրաշքը, նրանց անկեղծ սերն ու նվիրվածությունը, օրհնում է երկուսի միությունը:

Advertisements

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s